ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր
29 Մայիսի 2019

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարն ընդունել է ԵԱՀԿ Սահմանային անվտանգության և սահմանների կառավարման բաժնի ղեկավարին

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարն ընդունել է ԵԱՀԿ Սահմանային անվտանգության և սահմանների կառավարման բաժնի ղեկավարին

Մայիսի 29-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար գնդապետ Վաղինակ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Անդրազգային սպառնալիքների ստորաբաժանման Սահմանային անվտանգության և սահմանների կառավարման բաժնի ղեկավար Դենիս Կոսգրովի գլխավորած պատվիրակությանը: Դենիս Կոսգրովը շնորհակալություն հայտնեց գնդապետ Վ. Սարգսյանին ջերմ ընդունելության համար և նշեց, որ կցանկանար այս հանդիպումն օգտագործել հետագայում որպես համագործակցության ընդլայնման հնարավորություն:
Օրակարգի հիմնական թեման էր սահմանային անվտանգության ոլորտում կանանց դերը, մասնավորապես Սահմանապահ զորքերում նրանց ներգրավվածությունն ու մասնագիտական առաջընթացի խթանումը։ Այդ հարցերով ուսուցման համար ԵԱՀԿ պատվիրակությունը ներկայացրեց մշակված առցանց ուսումնական ծրագիր։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին սահմանապահ զորքերի զինծառայողների համար դասընթացների կազմակերպման` ահաբեկչության դեմ պայքարի, մշակութային արժեքների մաքսանենգություն թեմաներով, ինչպես նաև ԵԱՀԿ Սահմանապահ քոլեջում ղեկավար կազմի ուսուցման հեռանկարներն ու այլ միջոցառումների հետագա ծրագրեր: ԵԱՀԿ ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին ուղևորների մասին նախնական տեղեկատվության համակարգի (API) ուսուցում կազմակերպելու վերաբերյալ: Էյ-փի-այ (API) համակարգն արդյունավետ գործիք է անդրազգային կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարում և միտված է ընդլայնելու սահմանային և ավիացիոն անվտանգությունը: ԵԱՀԿ ծրագրերում սահմանապահ զորքերի ներգրավվումը, պարոն Դենիս Կոսգրովի խոսքերով, ողջունվում է իրենց կողմից:
Տրամադրված հնարավորությունների և առաջարկների համար շնորհակալություն հայտնելով պատվիրակության ղեկավարին և մասնակիցներին՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարն իր հերթին պատրաստակամություն հայտնեց շարունակելու արդյունավետ համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ:
Գնդապետ Վ. Սարգսյանի հետ հանդիպման ավարտից հետո հյուրերն այցելեցին սահմանապահ զորքերի ուսումնական կենտրոն և ծանոթացան անձնակազմի ուսուցման համակարգին ու տեխնիկական միջոցներին: