ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր
31 Հուլիսի 2026

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը Վրաստան

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը Վրաստան

Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության պետ Դավիթ Թամազաշվիլիի հրավերով ս.թ. հուլիսի 27–30-ը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվել է Վրաստանում։
Այցի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության պետ Դավիթ Թամազաշվիլիի հետ, որի ընթացքում վրացական կողմը ներկայացրել է սահմանապահ ոստիկանության կառուցվածքը, հիմնական գործառույթները և գործունեության առաջնահերթ ուղղությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանային անվտանգության ապահովման և սահմանապահ գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև վերահաստատվել է համագործակցությունը շարունակաբար զարգացնելու պատրաստակամությունը։
Պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Լևան Մաիսուրաձեի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են պարեկային ոստիկանության գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանի անցման կետերում առաջացող հերթերի հետ կապված խնդիրները։
Պատվիրակությունն այցելել է նաև Վրաստանի ՆԳՆ հանրային անվտանգության և ոստիկանության ակադեմիա, ներկայացվել են ակադեմիայի կառուցվածքը, ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները, ժամանակակից ուսումնական ենթակառուցվածքները և վերապատրաստման հնարավորությունները, որտեղ վերապատրաստում են անցնում նաև սահմանապահները։ 
Այցի ընթացքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է նաև Վրաստանի ՆԳՆ «112» հանրային անվտանգության կառավարման կենտրոն։
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանը այցի ավարտին շնորհակալություն է հայտնել Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության պետ Դավիթ Թամազաշվիլիին հրավերի, ջերմ ընդունելության, արդյունավետ հանդիպումների և երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված կառուցողական քննարկումների համար։