«Զատիկ» կենտրոնի սաները սահմանապահների աջակցությամբ այցելեցին «Սարդարապատ» թանգարան
Մայիսի 29-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները կազմակերպեցին շրջայց «Սարդարապատ» ազգագրության պետական թանգարանում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաների համար: Գիտակցելով աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության և ազգային մշակույթին ու պատմությանն առավել խորապես ծանոթացնելու խնդրի կարևորությունը՝ Սահմանապահ զորքերը շարունակում են սերտորեն համագործակցել «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի հետ և աշխատում են սաների համար մշտապես կազմակերպել տարատեսակ ճանաչողական միջոցառումներ:
Ազգագրության թանգարանում Երեխաների աջակցության կենտրոնի սաներին պատմեցին թանգարանի ստեղծման հիմնական նպատակի՝ մայիսյան ճակատամարտին վերաբերող նյութերի պահպանման մասին: Ներկայացրեցին մայիսյան իրադարձություններին, ինչպես նաև Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման պատմությանը նվիրված կենտրոնական սրահը: Երեխաները ծանոթացան տարբեր ժամանակաշրջաններում Հայաստանի պատմության հնագիտական նմուշներին՝ սկսած բրոնզե դարի իրերից մինչև XX դարի հագուստներ ու գորգեր, ինչը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել արհեստի զարգացման, տարբեր դարաշրջաններում հայ ժողովրդի կենցաղի առանձնահատկությունների մասին:
Ռազմահայրենասիրական դաստիարակությունը՝ բանակում ծառայելու, սեփական երկիրը պաշտպանելու հոգեբանական և բարոյական պատրաստվածություն է ձևավորում: Այդ խնդրի լուծմանը մասամբ նպաստում են այցելությունները պատմական թանգարաններ ու ռազմական փառքի վայրեր: Այսպիսի կարևոր այցելություններն ընդլայնում են երեխաների գիտելիքները սեփական ազգի պատմության վերաբերյալ, դաստիարակում հպարտության զգացողություն և սեր Հայրենիքի նկատմամբ:
Ստանալով շատ դրական լիցքեր՝ երեխաները չափազանց գոհ մնացին այցելությունից:
Սահմանապահ զորքերը հետագայում ևս կշարունակեն սերտորեն համագործակցել Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի հետ և իրականացնել աճող սերնդի հայրենասիրական, գեղագիտական ու բարոյական դաստիարակությանն ուղղված նորանոր միջոցառումներ: