ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր
15 Մարտի 2019

Այցելություն կինոլոգիական կենտրոն

Այցելություն կինոլոգիական կենտրոն

Մարտի 14-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանի նախաձեռնությամբ՝ երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության, զորքերի պատմությանը, գործունեությանը ծանոթացնելու նպատակով, հետագայում հնարավոր է սահմանապահի մասնագիտությունը ընտրելու ակնկալիքով, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչությունում կազմակերպվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» աջակցության կենտրոնի» սաների ընդունելություն:
Երեխաներն այցելեցին Կինոլոգիական կենտրոն, ուր նրանց պատմեցին սահմանապահների հավատարիմ օգնականների՝ ծառայողական շների մասին: Այն մասին, թե նրանք ինչ պայմաններում են ապրում և ծառայություն իրականացնում սահմանի ստորաբաժանումներում: Կինոլոգիական կենտրոնի զինծառայողներն երեխաներին ներկայացրին Կենտրոնի թանգարանի նմուշները, ցանցավանդակներում գտնվող շներին, պատմեցին, թե ինչ մեթոդներով են նրանց սովորեցնում, ներկայացրին իրենեց սաների վարժեցման ընթացքը, սահմանախախտներին հայտնաբերելու և բռնելու ունակությունները: Շրջայցը շարունակվեց հրաձգային զենքի նմուշների և պետական սահմանի պահպանության ժամանակ կիրառվող այլ միջոցների ներկայացմամբ: Երեխաներն ակտիվորեն մասնակցեցին ավտոմատ և ատրճանակ քանդել-հավաքելուն, ուսումնասիրեցին հեռադիտակի հնարավորություններն ու կիրառումը: Մեծ հետաքրքրություն ցուցաբերելով բոլոր տեսածների հանդեպ՝ Կենտրոնի սաներն իրենց հարցերն էին ուղղում սահմանապահներին՝ ստանալով արհեստավարժ պատասխաններ:
Դասավանդողներն իրենց և Կենտրոնի ղեկավարության անունից շնորհակալություն հայտնեցին գրավիչ ու ճանաչողական շրջայցի համար: ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի համագործակցությունը «Երևանի «Զատիկ» աջակցության կենտրոնի» հետ կունենա շարունակական բնույթ:
Հագեցած շրջայցը, որն երեխաների մոտ հիացական ապրումներ էր առաջացրել, ավարտվեց խմբային լուսանկարներով: