ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր
07 Մարտի 2023

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն (տեսանյութ)

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում տեղի ունեցավ նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը, Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը, Սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Վահրամ Ալեքսանյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչներ և այլք:

Հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյուններով։

Արարողության ընթացքում անցկացվեց հանդիսավոր շքերթ, և նորակոչիկները կատարեցին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի օրհներգը:

Զորամասի շարահրապարակում՝ մարտական դրոշի ներքո, տեղի ունեցավ խորհրդանշական միջոցառման հիմնական արարողակարգային հատվածը՝ երդման հանդիսավոր արարողությունը: Նորակոչիկներն ընթերցեցին զինվորական երդման տեքստը, հրամանատարների և ծնողների առաջ երդվեցին անմնացորդ նվիրումով, հպարտությամբ և անձնվիրաբար ծառայել հայրենիքին, պատվով​ պաշտպանել երկրի սահմանները, անվերապահորեն կատարել վերադասի հրամանները` հավաստիացնելով, որ ամեն ինչ անելու են պետական սահմանի անվտանգությունն ապահովելու համար:

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը, հիշարժան օրվա կապակցությամբ շնորհավորելով նորակոչիկ զինծառայողներին, նրանց մաղթեց խաղաղ և անվտանգ ծառայություն.

«Շնորհավորում եմ Ձեզ այս առանձնահատուկ նշանակություն և խորհուրդ ունեցող օրվա կապակցությամբ, ցանկանում եմ առողջություն, ամուր կամք, անամպ երկինք, բարի ծառայություն և բարի վերադարձ ձեր օջախներ»։

Հանդիսավոր արարողության ավարտին Սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողները ցուցադրեցին հատուկ մարտավարական և ձեռնամարտի հնարքներ, իսկ կինոլոգիական կենտրոնը՝ ծառայողական շներով վարժաձևեր՝ պայթուցիկ սարքի հայտնաբերում, փախուստի դիմած սահմանախախտի վնասազերծում և ձերբակալում։