Կայացավ «ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վետերանների, կենսաթոշակառուների միավորում» հասարակական կազմակերպության առաջին ժողովը
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ «ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վետերանների, կենսաթոշակառուների միավորում» հասարակական կազմակերպության առաջին ընդհանուր ժողովը, որը գլխավորում էր կազմակերպության նախագահ, պահեստազորի գեներալ-մայոր Գրիգոր Գրիգորյանը։
Ժողովին ներկա էին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը, ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ ՍՎ վետերանների ՀԿ ներկայացուցիչ, պահեստազորի գնդապետ Յուրի Վորոնովը և «ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վետերանների, կենսաթոշակառուների միավորում» ՀԿ-ի անդամները։
ՍԶ հրամանատար Վ․ Սարգսյանը, շնորհավորելով ՍԶ վետերաններին կազմակերպության ստեղծման առթիվ, մաղթեց արգասաբեր գործունեություն և վստահություն հայտնեց, որ վետերանները կաջակցեն սահմանապահ զորքերի անձնակազմի դաստիարակության և երիտասարդ սահմանապահներին գիտելիքների ու փորձի փոխանցման հարցերում։
Վետերանների կազմակերպության նախագահ Գ․ Գրիգորյանը խորհրդի անդամների և լիազորների հետ միասին պարտավորվեցին իրականացնել կազմակերպության առջև դրված խնդիրները և նպատակները։
Ժողովին հաստատվեց կազմակերպության կառուցվածքը, խորհրդի կազմը, մարզերում լիազոր ներկայացուցիչների ընտրությունը, ինչպես նաև քննարկվեցին այլ գործնական հարցեր։
Վետերանների կազմակերպությունը ստեղծվել է հուլիսի 31-ին, որի հիմնական գործառույթներն են՝ վետերանների սոցիալական հարցերի աջակցությունը, ՍԶ ավագ սերնդի կողմից գործող անձնակազմին փորձի փոխանցումը և սահմանամերձ բնակավայրերում երիտասարդության շրջանում ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացումը։ «ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վետերանների, կենսաթոշակառուների միավորում» ՀԿ-ն մտնում է Սահմանապահ ծառայության վետերանների /թոշակառուների/ միջազգային հասարակական կազմակերպության խորհրդի մեջ։