Կայացավ Սահմանապահ զորքերի Հրամանատարների խորհրդի 82-րդ նիստը
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների Սահմանապահ զորքերի Հրամանատարների խորհրդի հերթական 82-րդ նիստը, որին մասնակցեցին ԱՊՀ մասնակից 9 պետությունների սահմանապահ գերատեսչությունների պատվիրակությունները։
ՀՀ պատվիրակությունը գլխավորում էր Ազգային անվտանգության ծառայության ՍԶ հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը։ Նիստին մասնակցել է նաև Բելառուսում Հայաստանի դեսպան, ԱՊՀ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Արմեն Ղևոնդյանը։
Նիստի ընթացքում Հրամանատարների խորհրդի անդամները վերլուծել են ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին սահմաններում առկա իրավիճակը, ընդգծել են սահմանային անվտանգությանն ուղղված սպառնալիքների չեզոքացման կարևորությունը, ինչպես նաև ամփոփել 2019թ․ գործունեության արդյունքները։
Սահմանապահ գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին սահմանների սահմանային անվտանգության ամրապնդման 2016-2020 թթ. համագործակցության ծրագրի և 2020 թ. արտաքին սահմանների երկայնքով փոխանցումավազքին նվիրված 1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի միջոցառումների պլանի կատարման և անցկացման ընթացքը։
ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին սահմաններում ստեղծված իրադրության քննարկման ընթացքում ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատար Վ․ Սարգսյանն առաջարկեց ԱՊՀ մասնակից բոլոր պետությունների ներգրավմամբ անցկացնել համատեղ զորավարժություն, որը հավանության արժանացավ մասնակիցների կողմից։ ՍԶՀԽ նիստի արդյունքում ընդունվել է 16 որոշում:
ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատար, գնդապետ Վ․ Սարգսյանը պարգևատրվել է «ԱՊՀ մասնակից պետությունների սահմանների պահպանության գերազանցության նշան» կրծքանշանով։
Համաձայն Սահմանապահ զորքերի Հրամանատարների խորհրդի որոշման, ՍԶՀԽ հերթական 83-րդ նիստը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում՝ 2020 թ․ առաջին կիսամյակում։