ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր
21 Հունիսի 2019

Վանաձորի մանկատան սաներն այցելել են սահմանապահ ուղեկալ

Վանաձորի մանկատան սաներն այցելել են սահմանապահ ուղեկալ

Հունիսի 18-ին, Վանաձորի մանկատան սաների համար, «Պուշկինո» սահմանապահ ջոկատի զինծառայողները կազմակերպել էին շրջայց՝ «Մեծավան» սահմանապահ ուղեկալ։ Ահա այստեղ էլ մանկատան սաները իմացան, թե ինչպիսի կարողություններ ու հմտություններ պետք է ունենա սահմանապահը և ինչպես պետք է ծառայի պետական սահմանին: Հետաքրքիր շրջայցը շարունակվեց հրաձգային զենքի նմուշների և պետական սահմանում կիրառվող այլ միջոցների մասին ծանոթություններով: Ցուցադրվեցին ավտոտեխնիկան, սպառազինությունը և տեխնիկական հագեցվածությունը, իսկ ուղեկալի տարածքում տեղակայված հրաձգարանում՝ սահմանապահների օգնությամբ, նրանք հրաձգության նախնական վարժանք կատարեցին: Կինոլոգներն էլ իրենց հերթին ներկայացրեցին ծառայողական շների վարժեցման կուրսը: Մանկատան սաների մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեցին հատկապես ցուցադրական ելույթներն ու սահմանախախտների ձերբակալման համար կիրառվող հնարքներն ու ձեռնամարտի կանոնները:

Զինծառայողների հետ անմիջական շփումը, դեռահասներին հնարավորություն տվեց նորովի ընկալելու սահմանապահի ոչ դյուրին և շատ կարևոր ու պատասխանատու մասնագիտությունը: Սահմանային ուղեկալի ճաշարանում մանկատան սաների համար համեղ հյուրասիրություն էր նախապատրաստված: Հագեցած օրվա ավարտին,  պատանիները սահմանապահների համար ներկայացրեցին համերգային իրենց ծրագիրը:

Վանաձորի մանկատան դաստիարակները շնորհակալություն հայտնեցին սահմանային ուղեկալի սպաներին և ենթասպաներին՝ հետաքրքիր միջոցառում կազմակերպելու համար: Նմանատիպ ճանաչողական այցերը, մանկատան երեխաների համար, առաջին անգամը չէ, որ կազմակերպվում են, և նման շրջայցերը  շարունակական բնույթ են կրելու: