ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր
17 Ապրիլի 2019

Խաչքար-հուշարձանի օրհնության արարողություն Սահմանապահ զորքերում

Խաչքար-հուշարձանի օրհնության արարողություն Սահմանապահ զորքերում

Ապրիլի 16-ին Սահմանապահ զորքերի վարչության տարածքում տեղի ունեցավ խաչքարի օրհնության արարողություն՝ ի հիշատակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված սահմանապահների: Oրհնության կարգը, որին ներկա էր Սահմանապահ զորքերի ղեկավարությունը և անձնակազմը, անցկացրեցին Փարաքար համայնքի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գեղամ ավագ քահանա Քեսաբլյանը և Դավիթաշեն համայնքի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ տեր Խորեն քահանա Մարուքյանը:
Շնորհավորելով հավաքված զինծառայողներին, նշելով քրիստոնեության կարևոր դերն ու նշանակությունը հայ ժողովրդի դարավոր պատմության ընթացքում՝ տեր Գեղամը, մասնավորապես, ասաց. «Այսօր օրհնության արարողությունն անց է կացվում Սահմանապահ զորքերի և մեր սահմանները հսկող բոլոր զինվորների համար: Մեր նախնիները ստիպված են եղել բազմիցս դիմակայելու զավթիչներին՝ պահպանելով ազգային ու հոգևոր իրենց ինքնությունը և մշակույթը: Խաչքարը կերտված է որպես քրիստոնեության խորհրդանիշ և իր մեջ կրում է դաստիարակչական ու ռազմահայրենասիրական ոգի: Հենց այդպիսի ոգով էին մեր նախնիները պահպանում Հայրենիքի սուրբ սահմանները»:
Օրհնության կարգի ավարտին, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը մատուցված արարողության համար շնորհակալություն հայտնեց հոգևորականներին: