Կադրերի վերապատրաստման և ուսուցման վերաբերյալ ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ
Մարտի 18-ից 22-ը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի դաստիարակչական աշխատանքի և կադրերի գծով տեղակալ, գնդապետ Սամվել Ազիզյանը ռուսաստանի գործընկերների հրավերով այցելել է ՌԴ ԱԴԾ ակադեմիա և Կուրգանի սահմանապահ ինստիտուտ, որտեղ սովորում են Հայաստանի կուրսանտները։ Ուսումնական հաստատությունների ղեկավարները գնդապետ Ս. Ազիզյանին են ներկայացրել ուսումնատեխնիկական բազան, ծանոթացրել ուսումնական գործընթացին, կենսապայմաններին, դաստիարակչական աշխատանքի և հանգստի կազմակերպմանը։
Հանդիպումների ընթացքում կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի Հանրապետությունից կուրսանտների ուսուցման և կեցության մի շարք խնդիրների շուրջ:
«Մեր հանդիպումները անցել են գործնական և միևնույն ժամանակ ջերմ, ընկերական մթնոլորտում, փոխըմբռնման և վստահության ոգով: Համոզված եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կիրագործվեն»,- տեղեկացրեց գնդապետ Ս.Ազիզյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կադրերի համալրումն ապահովելու համար ԱԱԾ-ն կազմակերպում է ՀՀ քաղաքացիների ուսուցում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության ակադեմիայում, Կալինինգրադի ու Կուրգանի սահմանապահ ինստիտուտներում, որոնք ռազմաուսումնական հաստատություններ են: Ուսման ընթացքում կուրսանտներն ապահովվում են բուհերի տարածքներում տեղակայված հանրակացարաններով, անվճար սննդով և կրթաթոշակով:
ՌԴ ԱԴԾ ակադեմիայում և Կուրգանի սահմանապահ ինստիտուտում ուսումն ավարտելուց հետո շրջանավարտները ստանում են իրավաբանի, իսկ Կալինինգրադի սահմանապահ ինստիտուտում` ինժեների որակավորում, որից հետո որպես սպա զինվորական ծառայության են անցնում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում: