ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր

Սահմանապահ զորքերի մասին

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծարայության սահմանապահ զորքերը կոչված են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը պահպանելու, պետական սահմանում Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու անկախությունն ապահովելու, պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողություն իրականացնելու, պետական սահմանի ռեժիմ և սահմանային ռեժիմ ապահովելու համար: Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը ստեղծվել են 1992 թվականի փետրվարին`Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության կազմում, 1993 թ-ին ՀՀ նախագահի հրամանագրով ՊՆ սահմանապահ զորքերի վարչությունը տեղափոխվել է ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության ենթակայության ներքո և հետագայում վերանվանվել` ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր։ 1994թ. ապրիլի 26-ին, ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն Խորհուրդը, առաջին անգամ ընդունեց օրենք «ՀՀ պետական սահմանի մասին», այնուհետև 2001 թվականի նոյեմբեի 20-ին ընդունվեց «Սահմանապահ զորքերի մասին» ՀՀ օրենքը: Դրանք սահմանում են Սահմանապահ զորքերի ելակետային սկզբունքները, ՀՀ պետական սահմանի պահպանության կազմակերպումը, ՍԶ մարտածառայողական գործունեության ձևերն ու մեթոդները։ Հաշվի առնելով այս օրենքի պատմական նշանակությունը ՀՀ կառավարության 2006 թվականի որոշումով, ապրիլի 26-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես Սահմանապահի օր։ Այդ կապակցությամբ, 2007 թվականից ձևավորված ավանդույթի համաձայն, կազմակերպվում է ամենամյա տոնական զորահանդես։ 1728 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող ՀՀ պետական սահմանի պահպանությունն իրականացնում են 3 տարբեր գերատեսչություններ` ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԴԱԾ սահմանապահ վարչությունը և ՀՀ պաշտպանության նախարարությունը: 1992 թվականի սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնության հետ «ՀՀ տարածքում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին» կնքված պայմանագրի համաձայն, ՀՀ-ում ՌԴ ԴԱԾ Սահմանապահ վարչության սահմանապահները իրականացնում են Թուրքիայի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ ՀՀ պետական սահմանի պաhպանությունը։
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը իրականացնում են ՀՀ պետական սահմանի պահպանությունը նաև գործող 8 անցման կետերում՝ 4 ավտոճանապարհային՝ «Բագրատաշեն», «Գոգավան», «Բավրա», «Պրիվոլնոյե», 3 օդային՝ «Զվարթնոց» (ՀՀ-ում ՌԴ ԴԱԾ Սահմանապահ վարչության հետ համատեղ), «Էրեբունի», «Գյումրի» և 1 երկաթուղային՝ «Այրում»: «Ագարակ» ավտոճանապարհային անցման կետում սահմանի պահպանությունն իրականացնում է ՀՀ-ում ՌԴ ԴԱԾ Սահմանապահ վարչությունը: Սահմանապահ զորքերը, ՀՀ պետական սահմանի պահպանության ամենօրյա բարդ և պատասխանատու խնդիրների լուծմանը զուգահեռ, ներգրավված են նաև ՀՀ պետականությանը սպառնացող արտաքին և ներքին մարտահրավերներին դիմագրավելու, ահաբեկչության, մաքսանենգության, ապօրինի միգրացիայի, թրաֆիկինգի և այլ հանցագործությունների դեմ իրականացվող պայքարում։ Համագործակցում են օտարերկրյա պետությունների սահմանային գերատեսչությունների հետ՝ տեղեկատվության փոխանակման, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում։ Սահմանապահ զորքերը ընթանում են զարգացման կայուն ուղիով, կատարվում են պետական սահմանի պահպանության համակարգի որակական բարեփոխումներ։ Պետական սահմանի արդյունավետ պահպանության համար սահմանապահ զորքերը հագեցած են ժամանակակից տեխնիկական միջոցներով՝ ազդանշանային համակարգերով, այդ թվում նաև հայրենական արտադրության սարքավորումներով, գիշերային, ցերեկային և ջերմային դիտարկման սարքերով, շարժական տեսախցիկներով և այլ սարքավորումներով, որոնք տեղեկատվությունն անմիջապես փոխանցում են ՍԶ տեղեկատական-վերլուծական կենտրոն։