ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր

Սահմանապահ զորքերի մասին

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը կոչված են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը պահպանելու, պետական սահմանում Հայաստանի Հանրապետության անվտան­գութ­յունը, պետական սահմանի ռեժիմը, սահմանային ռեժիմը և պետական սահմանի անցման կետերի ռեժիմն ապահովելու, պետական սահմանի անցման կետերում սահ­մա­նային վերահսկողություն իրականացնելու համար:

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, զինված ուժերի կազմավորմանը զուգընթաց, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 1992թ. հունվարի 28-ի հրամանով ստեղծվում է սահմանապահ զորքերի վարչությունը` պայմանավորված Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անձեռնմխելիությունն ապա­հովելու, անդրսահմանային հանցավոր գործունեությունը, պետական սահմանի ռեժիմի, սահմանային ռեժիմի և պետական սահմանի անցման կետերի ռեժիմի խախտումները կանխելու, պետական սահմանով անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի բացթողնումն իրականացնելու համար:

Հայաստանի Հանրապետության նախագահի 1993թ. սեպտեմբերի 11-ի հրամանագրով վարչությունն անցնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության ենթակայության տակ:

1994թ. ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից ընդունվում է «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասին» օրենքը, որով սահմանվեց Հայաստանի Հանրապետության պետական սահման հասկացությունը, պետական սահմանի պահպանությունը, տեղորոշումը, փոփոխումը և գծանշումը, պետական սահմանի, սահմանային գոտու և պետական սահմանի անցման կետերի ռեժիմը, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և ՀՕՊ զորքերի լիազորությունները պետական սահմանի պահպանության ոլորտում, պետական մարմինների, պաշտոնատար անձանց, քաղաքացիների և կազմակերպությունների մասնակցությունը պետական սահմանի պահպանությանը: Հաշվի առնելով օրենքի պատմական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. որոշմամբ որոշվեց ապրիլի 26-ը նշել որպես Սահմանապահի օր:

2001թ. նոյեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվում է «Սահմանապահ զորքերի մասին» օրենքը, որով սահմանվեց գործունեության իրավական հիմքը, սկզբունքները, իրավունքներն ու պարտականությունները, սահմանապահ զորքերի անձնակազմի և պետական սահմանի պահպանությանը մասնակցող քաղաքացիների ու նրանց ընտանիքների անդամների իրավական և սոցիալական պաշտպանվածությունը:  

Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունն իրականացնում են 3 տարբեր գերա­տեսչություններ՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը, Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը և Հայաստանի Հանրապետության պաշտպա­նու­թյան նախարարությունը:

Սկզբնական ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սահմանապահ զորքերի վարչության կազմում ընդգրկված էին երկու սահմանապահ ջոկատներ (ՍՋ) և Հատուկ գունդը: 1-ին սահմանապահ ջոկատը տեղակայված էր Սիսիան քաղաքում, իսկ 2-րդ սահմանապահ ջոկատը Սևան, ապա՝ Իջևան քաղաքներում:

1992թ. հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվում է 5060 զորամասը: 1993թ. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության պետի հրամանով ստեղծվում է «Պուշկինո» սահմանապահ ջոկատը, որը հոկտեմբերի 1-ին ք.Սիսիանից վերատեղակայվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Պուշկինո գյուղում: 5060 զորամասի կազմում կազմավորվում են Նոյեմբերյանի, Տաշիրի և Աշոցքի սահմանապահ պարե­տատները: Զորամասը պահպանում է Հայաստան-Վրաստան պետական սահմանի տեղամասը:  Զորամասի օրը նշվում է հոկտեմբերի 1-ին:

1993թ. դեկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության պետի հրամանով ստեղծվում է 5070 զորամասը, որը պահպանել է հայ-իրանական պետական սահմանի հատվածը: 2020թ. դեկտեմբերից 5070 զորամասը տեղակայվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում և այժմ պահպանում է Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշակի հատված: Զորամասի օրը նշվում է հունիսի 2-ին:

2006թ. հունվարի 24-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով կազմավորվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ջոկատը՝ 5080 զորամասը, որի ստորաբաժանումները սահմանային վերահսկողություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի՝ «Զվարթնոց», «Գյումրի» և «Էրեբունի» օդային, «Բագրատաշեն», «Գոգավան», «Բավրա», «Ագարակ և «Պրիվոլնոյե» ավտոմոբիլային, ինչպես նաև «Այրում» երկաթուղային անցման կետերում: 2025թ. փետրվարի 28-ից «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի ուժերով և միջոցներով իրականացվում է նաև «Մարգարա» անցման կետի պահպանությունը:

2016թ. ամբողջովին վերակառուցվել և տեխնիկապես վերազինվել են Հայաստան-Վրաստան պետական սահմանի «Բագրատաշեն» և «Գոգավան», իսկ 2017թ.՝ «Բավրա» անցման կետերը, որի արդյունքում անցման կետերն ամբողջովին համապատասխանեցվել են միջազգային չափանիշներին:

2021թ. օգոստոսի 21-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով ստեղծվում է 5075 զորամասը, որը պահպանում է Հայաստան-Ադրբեջան սահմանի Սյունիքի մարզի որոշակի տեղամաս: Զորամասի օրը նշվում է օգոստոսի 21-ին:

2024թ. Տավուշի մարզից սկսված Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից հետո, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի սեպտեմբերի 2-ի հրամանով ստեղծվել է 5065 զորամասը, որը պահպանում է Հայաստան-Ադրբեջան սահմանի Տավուշի մարզի որոշակի տեղամաս:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սպաների, ենթասպաների և պայմանագրային զինծառայողների      պատ­րաստությունն ու վերապատրաստումն իրականացվում են ազգային անվտանգության ծառայության գիտաուսում­նա­կան կենտրոնում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի  «սահմանապահ» ամբիոնում և Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության բարձրագույն զինվորական հաստատութ­յուն­նե­րում:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության նախարարության (ծառայության) սահմանապահ զորքերը 1992 թվականից ի վեր ղեկավարել են գեներալ-մայոր Գրիգորի Գրիգորյանը, գեներալ-գնդապետ  Յուրի Խաչատուրովը, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը, գնդապետ Վյաչեսլավ Ոսկանյանը, գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը, գնդապետ Վաղինակ Սարգսյանը, գնդապետ Արման Մարալչյանը և գնդապետ Էդգար Հունանյանը: 2025թ. նոյեմբերի 10-ի Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով սահմանապահ զորքերի հրամանատար է նշանակվել գնդապետ Գարիկ Մուրադյանը:

Սահմանապահ զորքերը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության ամենօրյա բարդ և պատասխանատու խնդիրների լուծմանը զուգահեռ, ներգրավված են նաև Հայաստանի Հանրապետության պե­տա­կանությանը սպառնացող արտաքին և ներքին մարտահրավերներին դիմագրա­վելու, մաքսանենգության, ապօրինի միգրացիայի, թրաֆիքինգի և այլ հան­ցագործությունների դեմ իրականացվող պայքարում, ինչպես նաև իրականացնում են արդյունավետ աշխա­տանք միջազգային առաջավոր փորձի յուրացման, ժամանակակից միջոցների և մեթոդների ներդրման ուղղությամբ:

Պետական սահմանի պահպանության համակարգի որակական բարեփոխումների արդյունքում, այսօր սահմանապահ զորքերը հագեցած են ժամանակակից տեխնիկական միջոցներով՝ տեսադիտարկման համակարգերով, ազդանշանային սարքերով, գիշերային, ցերեկային և ջերմային դիտարկման սարքերով, շարժական տեսախցիկներով և այլ սարքավորումներով: