Սահմանը հատելու կանոնները
ԱՆՁԱՆՑ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԲԵՌՆԵՐԻ և ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԲԱՑԹՈՂՆՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ
«Պետական սահմանի մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ պետական սահմանով` անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի բացթողնումը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անցման կետերով իրականացնում են սահմանապահ զորքերի զինծառայողները և մաքսային մարմինները` անձանց Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու կամ Հայաստանի Հանրապետությունից մեկնելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:
Անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի բացթողնումը պետական սահմանով իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և իրավական ակտերին համապատասխան:
Սահմանապահ զորքերը պետական սահմանը հատող անձանց և տրանսպորտային միջոցների հաշվառումն ու գրանցումն իրականացնում են սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (այսուհետ` ՍԷԿՏ) համակարգի միջոցով, որի շահագործման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ:
«Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանապահ զորքերի զինծառայողները սահմանային գոտում (շերտում, պետական սահմանի անցման կետերում) իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով ստուգել անձանց և տրանսպորտային միջոցների փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում՝ ժամանակավորապես վերցնել դրանք, ինչպես նաև վերցնել կեղծ փաստաթղթերը, թույլ չտալ պետական սահմանով անցնել Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի կամ Հայաստանի Հանրապետության տարածքից ելքի իրավունք տվող համապատասխան փաստաթղթեր չունեցող անձանց, մինչև նրանց պետական սահմանը հատելու իրավունք տվող փաստաթղթերի պատշաճ ձևակերպումը կամ մինչև նրանց կողմից փաստաթղթերը կորցնելու հանգամանքների պարզաբանումը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԸ
«Օտարերկրացիների մասին» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրացիները մուտք են գործում Հայաստանի Հանրապետություն պետական սահմանի անցման կետերով՝ վավերական անձնագրի առկայության, մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի հիման վրա և սահմանային հսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի թույլտվության դեպքում, եթե այլ կարգ նախատեսված չէ օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Մինչև 18 տարեկան օտարերկրացիները կարող են մուտք գործել Հայաստանի Հանրապետություն իրենց ծնողների, ծնողներից որևէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի կամ ուղեկցողի հետ միասին կամ միայնակ, եթե նրանք գալիս են Հայաստանի Հանրապետություն իրենց ծնողների, ծնողներից որևէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի մոտ կամ ընդունող կազմակերպություն:
Առանց անձնագրի, դրան փոխարինող փաստաթղթի կամ անվավեր անձնագրով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետ ժամանած կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետում մուտքի վիզայի մերժում ստացած կամ սահմանային հսկողություն իրականացնող մարմնի կողմից մուտքի թույլտվություն չստացած օտարերկրացիների մուտքը չի թույլատրվում Հայաստանի Հանրապետության տարածք, և հնարավորության դեպքում նրանք անմիջապես վերադարձվում են իրենց ծագման պետություն կամ այն պետություն, որտեղից ժամանել են, նույն փոխադրողի տրանսպորտային միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք Հայաստան են ժամանել ապաստան հայցելու նպատակով:
«Օտարերկրացիների մասին» օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է Հայաստանի Հանրապետություն ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ:
Հայաստանի Հանրապետություն մուտք գործող օտարերկրացիների անձնագրում, Հայաստանի Հանրապետություն ժամանման ամսաթվի վերաբերյալ, կատարվում է ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 702-Ն որոշմամբ սահմանած ձևի հատուկ նշում:
«Օտարերկրացիների մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է, եթե՝
ա) նա արտաքսվել է Հայաստանի Հանրապետության տարածքից կամ զրկվել է կացության կարգավիճակից, և արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշման ուժի մեջ մտնելու պահից չի անցել երեք տարի.
բ) նա «Օտարերկրացիների մասին» օրենքը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական պատասխանատվության ենթարկվելու պահից անցել է մեկ տարի.
գ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝
- վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,
- իրականացնել ահաբեկչական գործունեություն,
- սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ
- իրականացնել մարդկանց առևտուր (թրաֆիքինգ) և (կամ) անօրինական սահմանահատումներ.
դ) նա տառապում է վարակիչ հիվանդությամբ, որը սպառնում է բնակչության առողջությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն՝ նման հիվանդությունը բուժելու նպատակով (վարակիչ հիվանդությունների ցանկը հաստատված ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 25-ի N 49-Ն որոշմամբ).
ե) նա մուտքի թույլտվություն հայցելիս ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր, կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա մուտքը կամ գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը, կամ
զ) գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ.
է) նա ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվանից անցել է մեկ տարի:
ՀՀ մուտքի վիզա ստանալու կարգը
«Օտարերկրացիների մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաները տրվում են Հայաստանի Հանրապետությունում մինչև 120 օր գտնվելու ժամկետով` առավելագույնը մինչև 60 օր ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաները տրվում են անհատական, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև խմբակային:
ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշմամբ հաստատված է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա: Նշված պետությունների ազգությամբ հայ քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում կարող են ստանալ մուտքի վիզա առանց հրավերի: Ազգությամբ հայ և որոշակի կատեգորիայի այլ քաղաքացիների` հատուկ պայմաններով Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու կարգը հաստատված է ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 8-ի N 1154-Ն որոշմամբ: Ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող փաստաթուղթը օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացնելու և ներկայացված փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից հաստատելու կարգը հաստատված է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի 2012 թվականի օգոստոսի 22-ի N 1/1199-Ն հրամանով:
Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար օտարերկրացիներից գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
Որոշ պետությունների քաղաքացիներ կամ որոշակի կատեգորիայի անձինք Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանված կարգով կարող են ազատվել մուտքի վիզայի համար սահմանված պետական տուրքից կամ կարող են նվազեցվել կամ ավելացվել պետական տուրքերի դրույքաչափերը:
ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1268-Ն որոշման համաձայն՝ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տալիս են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները, Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում ազգային անվտանգության մարմինները, իսկ պետական սահմանի անցման կետ չհանդիսացող Հայաստանի Հանրապետության տարածքում` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։
Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել Անտիգուա և Բարբուդայի, Բահամյան Կղզիների, Բարբադոսի, Բոսնիա և Հերցեգովինայի, Կանադայի, Չիլիի, Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության, Դոմինիկայի, Դոմինիկյան Հանրապետության, Ինդոնեզիայի, Իսրայելի, Հորդանանի, Լիբանանի, Մեքսիկայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Պերուի, Սենթ Վինսենթ և Գրենադինների, Հարավային Աֆրիկայի, Թայլանդի և Թուրքիայի քաղաքացիներն ու ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք։
Այն օտարերկրացիները և ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք (բացառությամբ միայն հրավերի հիման վրա մուտքի վիզա ստանալու հնարավորությամբ պետությունների), ովքեր ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Կանադայի, Ռուսաստանի Դաշնության, Ճապոնիայի, Եվրոպական Միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ կամ վավեր մուտքի վիզա կամ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում:
Այն պետությունների ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք, որոնց քաղաքացիներն ազատված են Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի պահանջից կարող են Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում, Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կամ դիմել էլեկտրոնային մուտքի վիզա ստանալու համար։
Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատած կամ Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատած և Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության տարածքում՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու օրվա դրությամբ 6 ամսից պակաս վավերականությամբ ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող պետությունների քաղաքացիների համար գործում է Հայաստանի Հանրապետության մուտքի վիզային ռեժիմ:
ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 22-ի N 610-Ն որոշման համաձայն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության տարածքում Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատած պետությունների (ներառյալ նաև հրավերի հիման վրա մուտքի վիզա ստանալու հնարավորությամբ պետությունների) այն քաղաքացիների համար, ովքեր Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու օրվանից ունեն 6 ամիս վավերականությամբ կացության կարգավիճակ սահմանվել է առանց մուտքի վիզայի ռեժիմ:
ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1268-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տրամադրում է էլեկտրոնային մուտքի վիզաներ՝ E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով (evisa.mfa.am): Էլեկտրոնային մուտքի վիզա կարող են ստանալ միայն հրավերի հիման վրա մուտքի վիզա ստանալու հնարավորությամբ պետությունների ցանկում չներառված պետությունների քաղաքացիները և ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք։
ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի N 1650-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհված և դեռևս Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր չստացած անձանց համար սահմանված է Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ:
«Օտարերկրացիների մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տեսակներն են`
ա) այցելության մուտքի վիզա` հարազատներին (ընկերներին) այցելելու կամ տեսակցելու, ընտանիքի վերամիավորման, զբոսաշրջության (հանգստի), բուժման, Հայաստանի Հանրապետության կրթական հաստատություններում ուսանելու, Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող մշակութային, մարզական, գիտական և այլ միջոցառումներին, խորհրդաժողովներին մասնակցելու, Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական աջակցության, մարդասիրական, բարեգործական, ֆինանսական օգնության կարճատև ծրագրերի իրականացման, գործարար բանակցություններին մասնակցելու, աշխատանքային գործունեություն կատարելու, տնտեսական գործունեություն ծավալելու (առևտրային կազմակերպություն հիմնադրելու, օտարերկրյա պետության առևտրային կազմակերպության մասնաճյուղ կամ ներկայացուցչություն հիմնադրելու, Հայաստանի Հանրապետությունում ներդրում կատարելու, ապրանքների և ծառայությունների ներմուծում և արտահանում իրականացնելու) նպատակով այցելության համար, ինչպես նաև միջազգային օդային կամ ցամաքային ուղևորաբեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների անձնակազմերի անդամների համար` մեկանգամյա մուտքի կամ մինչև մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար.
բ) պաշտոնական մուտքի վիզա` պաշտոնական (ծառայողական) անձնագիր կրող անձանց համար`
- Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների, Հայաստանի Հանրապետությունում նստավայր ունեցող միջազգային կազմակերպություններում կամ նրանց ներկայացուցչությունների դիվանագիտական կարգավիճակ չունեցող աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների համար՝ մինչև 3 տարի ժամկետով բազմակի մուտքի համար,
- Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կամ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների հրավերով ծառայողական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց՝ մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար,
- սովորական անձնագրերով պաշտոնական պատվիրակությունների անդամների համար` մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար.
գ) դիվանագիտական մուտքի վիզա` դիվանագիտական անձնագիր կրող կամ դիվանագիտական կարգավիճակ ունեցող անձանց համար`
- Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների, Հայաստանի Հանրապետությունում նստավայր ունեցող միջազգային կազմակերպություններում կամ նրանց ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների համար՝ մինչև 3 տարի ժամկետով բազմակի մուտքի համար,
- պաշտոնական, պետական, աշխատանքային այցով կամ ծառայողական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ժամանող պատվիրակության անդամներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց համար՝ մեկ մուտքի կամ մինչև 1 տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար,
- ոչ ծառայողական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ժամանողների համար` մինչև 120 օր վավերականության ժամկետով մեկ մուտքի համար.
դ) տարանցիկ մուտքի վիզա` Հայաստանի Հանրապետության տարածքով օդային կամ ցամաքային տրանսպորտով երթևեկողների համար մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար` մինչև 3 օր գտնվելու ժամկետով` առավելագույնը մինչև 4 օր երկարաձգելու հնարավորությամբ:
Այն երկրների ցանկը (https://www.mfa.am/hy/whoneedvisa), որոնց քաղաքացիները միակողմանիորեն ազատված են Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:
Այն երկրների ցանկը (https://www.mfa.am/hy/visafreelist), որոնց հետ Հայաստանի Հանրապետությունը ունի առանց վիզայի մուտքի ռեժիմ` երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերի հիման վրա:
Օտարերկրացիների կացության կարգավիճակները
«Օտարերկրացիների մասին» օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների համար սահմանվում են կացության հետևյալ կարգավիճակները.
ա) ժամանակավոր.
բ) մշտական.
գ) հատուկ:
Հայաստանի Հանրապետության ժամանակավոր, մշտական և հատուկ կացության կարգավիճակները հաստատող փաստաթղթերն են համապատասխանաբար ժամանակավոր կացության քարտը, մշտական կացության քարտը և հատուկ անձնագիրը:
Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով:
«Օտարերկրացիների մասին» օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ տարի և ավել ժամկետով իր բնակվելը հիմնավորող հանգամանքներ:
Այդպիսի հանգամանքներ կարող են լինել՝
ա) ուսումը, կամ
բ) աշխատանքի թույլտվության առկայությունը, կամ
գ) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողը կամ զավակը լինելը, կամ
դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը կամ մերձավոր ազգականը (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) լինելը, կամ
ե) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը.
զ) ազգությամբ հայ լինելը:
Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչև 1 տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ:
«Օտարերկրացիների մասին» օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ մշտական կացության կարգավիճակը տրվում է օտարերկրացուն, եթե նա`
ա) ապացուցում է Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող ամուսնու կամ մերձավոր ազգականների (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) առկայությունը, Հայաստանի Հանրապետությունում ապահովված է բնակարանով ու գոյության միջոցներով և մինչև մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելն օրենքով սահմանված կարգով առնվազն երեք տարի բնակվել է Հայաստանի Հանրապետությունում կամ
բ) ազգությամբ հայ է կամ Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն:
Մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով` յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ:
«Օտարերկրացիների մասին» օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմումը ներկայացվում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին:
«Օտարերկրացիների մասին» օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ հատուկ կացության կարգավիճակ տրվում է ազգությամբ հայ օտարերկրացիներին:
Հատուկ կացության կարգավիճակ կարող է տրվել նաև Հայաստանի Հանրապետությունում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրացիների:
Հատուկ կացության կարգավիճակ տրվում է տասը տարի ժամկետով: Այն կարող է տրվել մեկից ավելի անգամ:
Հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումը Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայացվում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին, իսկ օտարերկրյա պետությունում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:
ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵԼՔԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ
«Օտարերկրացիների մասին» օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունից կարող են դուրս գալ վավերական անձնագրի և մինչև դուրս գալու պահը Հայաստանի Հանրապետության տարածքում նրանց օրինական գտնվելը կամ բնակվելը հավաստող վավերական փաստաթղթի առկայության դեպքում, եթե այլ կարգ նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենքով կամ միջազգային պայմանագրերով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով վարչական պատասխանատվության ենթարկված օտարերկրացին առանց վավերական անձնագրի և մինչև Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու պահը Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական գտնվելը կամ բնակվելը հավաստող վավերական փաստաթղթի կարող է դուրս գալ Հայաստանի Հանրապետության տարածքից տուգանքի վճարման մասին անդորրագիրը (տուգանքի վճարումը հավաստող այլ փաստաթուղթը) սահմանային հսկողության մարմնին ներկայացնելու դեպքում:
Հայաստանի Հանրապետությունից օտարերկրացու ելքն արգելվում է, եթե օրենքով սահմանված կարգով`
ա) նրա նկատմամբ նշանակվել է այնպիսի պատիժ, որի կրումը հնարավոր է միայն Հայաստանի Հանրապետությունում մինչև պատիժը կրելու ժամկետի ավարտը կամ պատիժը կրելուց օրենքով սահմանված կարգով ազատվելը.
բ) հարուցված քրեական գործով նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց, բացառությամբ այն դեպքերի, երբ քրեական հետապնդման մարմինը տվյալ անձին Հայաստանի Հանրապետությունից ելքի գրավոր թույլտվություն է տվել:
«Օտարերկրացիների մասին» օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ Օտարերկրացին պարտավոր է կամավոր հեռանալ Հայաստանի Հանրապետության տարածքից, եթե՝
ա) լրացել է նրա մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակի վավերականության ժամկետը.
բ) մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվել.
գ) մերժվել է նրա` կացության կարգավիճակ ստանալու կամ ժամկետը երկարաձգելու համար դիմումը.
դ) զրկվել է կացության կարգավիճակից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ԵՐԹԵՎԵԿԵԼԸ
«Օտարերկրացիների մասին» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկություն է համարվում որևէ պետությունից Հայաստանի Հանրապետության տարածքով օդային կամ ցամաքային տրանսպորտի միջոցներով դեպի երրորդ պետություն օտարերկրացիների երթևեկությունը:
Տարանցիկ երթևեկության դեպքում օտարերկրացիները ներկայացնում են դեպի երրորդ երկիր ուղետոմսեր կամ երրորդ երկրի մուտքի վիզա և կարող են մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում 72 ժամից ոչ ավել, բացառությամբ արտակարգ իրավիճակների դեպքերի: Հայաստանի Հանրապետության ցամաքային սահմանով երրորդ երկիր տարանցիկ երթևեկող օտարերկրացիները կարող են տարանցիկ վիզա ստանալ նաև առանց դեպի երրորդ երկիր ուղետոմսեր կամ երրորդ երկրի մուտքի վիզա ներկայացնելու:
Եթե օտարերկրացին գտնվում է տարանցիկ գոտում և չի մտնելու Հայաստանի Հանրապետության տարածք, ապա նա կարող է գտնվել տարանցիկ գոտում 48 ժամից ոչ ավել, բացառությամբ արտակարգ իրավիճակների դեպքերի: