ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր
26 Հունվարի 2026

Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում ծառայության ընդունվողների մասնագիտական պատրաստության կազմակերպումը

Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում ծառայության ընդունվողների մասնագիտական պատրաստության կազմակերպումը

1. ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերն արհեստավարժ սպաներով համալրելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում կազմակերպվում է ընդունելություն: Ուսման տևողությունը 4 տարի է: ՈՒսումն ավարտելուց հետո շրջանավարտները ստանում են «Ստորաբաժանումների կառավարման բակալավրի» որակավորում՝ «Սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կառավարում» մասնագիտությամբ, վերջիններիս շնորհվում է լեյտենանտի զինվորական կոչում և ծառայության են անցնում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներում: Այդ ընթացքում կուրսանտներն ապահովվում են քնելատեղով, անվճար սննդով և կրթաթոշակով: Կրթաթոշակը, կախված առաջադիմությունից և կուրսից, տատանվում է 15000-ից 175000 դրամի սահմաններում: 3-րդ և 4-րդ կուրսում կուրսանտներն օգտվում են ազատ ելքի իրավունքից: Շրջանավարտները ստանում են նաև B, C կարգի վարորդական վկայական:

2. Ընդունելությանը կարող են մասնակցել հայերենին վարժ տիրապետող, իրենց առողջական վիճակով, ֆիզիկական պատրաստվածությամբ և անձնական հատկանիշներով ՀՀ ԱԱԾ զինծառայողին ներկայացվող պահանջներին համապատասխանող միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող ներքոնշյալ անձինք.
- հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների  շրջանավարտները,
- միջնակարգ կրթություն ունեցող և պարտադիր զինվորական ծառայություն անցած մինչև 23 տարեկան անձինք,
- ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողները:
Ռազմական ակադեմիայում ընդունելության համար դիմորդները հանձնում են ֆիզիկական պատրաստության ստուգարք, նրանց հետ անցկացվում է ընդհանուր գիտելիքների և զարգացվածության աստիճանի թեստավորում կամ հանձնում են մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից միասնական քննություններ: 
Թեկնածուների բժշկական հետազոտությունն իրականացվում է ՀՀ ՊՆ, իսկ ավարտելիս նաև ՀՀ  ԱԱԾ ռազմաբժշկական հանձնաժողովներում, որը ներառում է նաև թմրամոլության, ալկոհոլամոլության, սեռավարակների և այլ հիվանդությունների առկայության ստուգումը, ինչպես նաև հոգեբանական թեստավորումը: Թեկնածուները սահմանված կարգով անցնում են նաև պոլիգրաֆի (ստի դետեկտորի) կիրառմամբ հետազոտություն:

3. Ռազմաուսումնական հաստատությունների հերթական ուսումնական տարվա ընդունելության քննություներին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 30-ից մինչև մարտի 30-ը՝ ՀՀ ԱԱԾ-ում և ՀՀ ՊՆ տարածքային զինկոմիսարիատում (երկու տեղում պարտադիր է): 
Տեղեկությունների համար դիմել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչություն՝ ք.Երևան, Եղվարդի խճուղի 117/5 հասցեով կամ զանգահարել 015-57-91-77, 015-57-97-74 հեռախոսահամարներով: