ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր
19 Մարտի 2025

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն (տեսանյութ)

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյունների ներքո:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ղեկավարությունը՝ հրամանատար, գնդապետ Էդգար Հունանյանի գլխավորությամբ:

Զորամասի շարահրապարակում՝ մարտական դրոշի ներքո, տեղի ունեցավ խորհրդանշական միջոցառման հիմնական արարողակարգային հատվածը՝ երդման հանդիսավոր արարողությունը:

Բարձր գնահատելով հայրենիքի պաշտպանության գործում զինված ուժերի հայրենանվեր առաքելությունը` նորակոչիկ զինծառայողները վստահեցրին, որ եկել են շարունակելու ավագ սերնդի սրբազան գործը և պատրաստ են ամեն գնով պաշտպանել հայրենիքը: Նրանք իրենց հրամանատարների և ծնողների առաջ երդվեցին անմնացորդ նվիրումով, հպարտությամբ և անձնվիրաբար ծառայել հայրենիքին, պատվով պաշտպանել երկրի սահմանները, անվերապահորեն կատարել վերադասի հրամանները:

«Զորակոչվելով Հայոց բանակ` մենք մեր սահմանադրական պարտքն ենք կատարում հայրենիքի առջև: Ծառայության անցնելով Սահմանապահ զորքերում՝ մեզ վրա վերցնում ենք բարձր պատասխանատվություն: Խոստանում ենք լինել ուժի, հուսալիության, ամրության և պահպանության խորհրդանիշ, շուրջօրյա հսկել և անառիկ պահել մեր պետության սահմանները»,- իր խոսքում ասաց նորակոչիկ Ա. Աղազարյանը:

Հանդիսավոր արարողության ընթացքում զինվորական երդում ընդունելու կապակցությամբ ծնողների անունից ելույթ ունեցավ և նորակոչիկներին շնորհավորեց նաև  ծնող Գայանե Մանուկյանը, ով իր ելույթում նշեց, որ իրենց զավակները սրբորեն կկատարեն իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ:

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը, հիշարժան օրվա կապակցությամբ շնորհավորելով նորակոչիկ զինծառայողներին, նշեց, որ զինվորական երդման ընդունումը հայրենիքի և ընտանիքի նկատմամբ անմնացորդ նվիրումն արտահայտելու անկրկնելի արարողակարգ է և այս պահից է սկսվում իրական ծառայությունը հայրենիքին:

«Հիշեք նաև, որ Սահմանապահ զորքերում ծառայելը պատվաբեր է և միևնույն ժամանակ պարտավորեցնող: Դուք այսօրվանից մուտք եք գործում Սահմանապահ զորքերի մեծ ընտանիք, վերաբերվեք միմյանց եղբայրական սիրով և հարգանքով՝ շարունակելով ձևավորված բարի ավանդույթները»,- իր խոսքում ասաց Է. Հունանյանը:

Նորակոչիկները կատարեցին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի օրհներգը:

Երդման հանդիսավոր արարողությունը եզրափակվեց նվագախմբի ուղեկցությամբ՝ նորակոչիկների շարային քայլերթով։