ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր
07 Սեպտեմբերի 2022

Սահմանապահ զորքերում տեղի ունեցավ ձեռքի մարտական հրաձգային զենքից հրաձգության մրցույթ (տեսանյութ)

Սահմանապահ զորքերում տեղի ունեցավ ձեռքի մարտական հրաձգային զենքից հրաձգության մրցույթ (տեսանյութ)

Ս.թ. օգոստոսի 23-25-ը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական համալիրում տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ գերատեսչությունների զինծառայողների ձեռքի մարտական հրաձգային զենքից հրաձգության առաջնություն, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի, Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության և Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության կոմիտեի սահմանապահ ծառայության զինծառայողները։

Բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյունների ներքո։

Միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ Արման Գասպարյանը՝ վստահեցնելով, որ մասնակիցները կցուցաբերեն պատրաստվածության և հմտության բարձր մակարդակ, որին կնպաստի նաև մարտական մրցակցության առողջ ոգին։

Սահմանապահ զորքերի Հրամանատարների խորհրդի համակարգող ծառայության նախագահի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Մոիսեենկոն, ողջունելով ու հաջողություն մաղթելով մրցույթի մասնակիցներին, իր խոսքում նշեց, որ առաջնությունը խթանում է ոչ միայն մասնակիցների հմտության բարձրացումը, այլև ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ զինծառայողների միջև ընկերությունը, փոխըմբռնումն ու համագործակցությունը։

Առաջնության հիմնական փուլերը տեղի ունեցան հրաձգարանում, որտեղ մրցույթի մասնակիցները ցուցադրեցին մարտական հրաձգության վարժություններ:

Մրցույթի եզրափակիչ փուլում ամփոփվեցին թիմերի կողմից գրանցված արդյունքները, տեղի ունեցավ հաղթող ճանաչված՝ Ռուսաստանի Դաշնության, և համապատասխանաբար 2-րդ ու 3-րդ տեղերը զբաղեցրած Ղազախստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանապահ գերատեսչությունները ներկայացնող թիմերի անդամների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։

ԱՊՀ մասնակից պետությունների ներկայացուցիչներն իրենց գոհունակությունը հայտնեցին՝ վկայելով, որ նմանատիպ միջոցառումներն խթանում են մասնակից պետությունների միջև հետագա համագործակցությունն ու համատեղ ջանքերի ամրապնդումը։