ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր
26 Մայիսի 2021

ԽԱՉՔԱՐ-ՀՈՒՇԱԿՈԹՈՂԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ՀԵՐՈՍ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՍԱՄՎԵԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ  

ԽԱՉՔԱՐ-ՀՈՒՇԱԿՈԹՈՂԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ՀԵՐՈՍ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՍԱՄՎԵԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ   

ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի «Վաղարշապատի Ներսիսյան N6  հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել խաչքար-հուշակոթողի բացման արարողություն՝ ի հիշատակ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հավերժ հերոսացած ծառայող Սամվել Մանասերյանի:

Արարողությանը մասնակցել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի օգնական, ՍԶ վետերանների միավորման նախագահ Հ. Կարապետյանը, ՍԶ հրամանատարի տեղակալներ Ռ. Քիրաջյանն ու Ս. Ազիզյանը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք, հերոս սահմանապահի հարազատները, ծառայակիցներն ու հյուրեր:

Նախաձեռնության պաշտոնական մեկնարկին,  խաչքարի բացման արարողությանն ու օծման հոգևոր կարգին հաջորդել է կրթօջախի աշակերտների ուժերով կազմակերպված հուշ-միջոցառումը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ինչպես դպրոցի սան, հերոս սահմանապահ Սամվել Մանասերյանի, այնպես էլ 2020 թվականի արցախյան պատերազմում հերոսացած բոլոր քաջարի զինվորների սխրագործություններին՝ ամենայն հարգանքի, մեծարանքի ու փառաբանության խոսքերով և կատարումներով բնութագրելով նրանց բացառիկ նկարագրի ուրույն դրսևորումները:

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայող Սամվել Հարությունի Մանասերյանի անունով «Վաղարշապատի Ներսիսյան N6  հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում բացվել է նաև համապատասխան դասասենյակ, որտեղ ներկայացված են լինելու ՌԴ ԱԴԾ Կալինինգրադի սահմանապահ ինստիտուտի շրջանավարտ, մասնագիտությամբ ինժեներ, մարզաշխարհում նշանակալի հաջողություններ գրանցած և մարդկային ինքնատիպ որակներ ցուցաբերած հայորդու կենսագրության խոսուն դրվագները՝ նպատակ ունենալով հայրենասիրության լավագույն օրինակ մատուցել նորօրյա սերնդին: