ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՀԱՎԵՐԺ ՀԵՐՈՍԱՑԱԾ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում կազմակերպվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի՝ հավերժ հերոսացած զինծառայող Գոռ Հայկասարի Հակոբյանի նկարների ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել է ավելի քան 80 աշխատանք:
Տաղանդաշատ սահմանապահի նկարների ցուցահանդեսն օրեր շարունակ հիացրել է ինչպես իր ծառայակիցներին, այնպես էլ արվեստասեր հասարակության տարբեր ներկայացուցիչների:
Հերոս սահմանապահ Գոռ Հայկասարի Հակոբյանը ծնվել է 1992 թվականի մարտի 21-ին ՀՀ Լոռու մարզի Ջիլիզա գյուղում, սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, այնուհետև գերազանցությամբ ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը՝ «Կերպարվեստ և գծագրություն» մասնագիտությամբ։
2014 թվականի հոկտեմբերից Գոռ Հակոբյանը պայմանագրային զինվորական ծառայության է ընդունվել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում: Ծառայության ընթացքում դրսևորել է կարգապահ և օրինակելի զինծառայողի ուրույն որակներ, աչքի է ընկել կազմակերպչական բարձր ունակություններով: Պարգևատրվել է «Գերազանց ծառայության համար» կրծքանշանով:
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայող, ավագ Գ. Հակոբյանը մասնակցել է 2020 թվականի արցախյան պատերազմին և հավերժ հերոսացել՝ պաշտպանական բնագծում հակառակորդի հարձակումը հետ մղելիս: