«Հաղթանակի Փոխանցումավազքը» ժամանեց Հայաստանի Հանրապետություն
Ապրիլի 14-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ Հայրենական Մեծ պատերազմում տարած Հաղթանակի 75-ամյակին նվիրված` ԱՊՀ մասնակից պետությունների սահմանների երկայնքով Փոխանցումավազքի անցկացման հանդիսավոր միջոցառումը:
Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով «Հաղթանակի Փոխանցումավազքի» անցկացման մեկնարկի արարողությանը մասնակցեցին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վ. Սարգսյանը և ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռ. Գոլուբիցկին։
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարն իր խոսքում նշեց այն սահմանապահների ունեցած մեծ վաստակը Հայրենիքի առջև, ովքեր առաջինն էին իրենց վրա վերցրել գերմանա-ֆաշիստական զորքերի հարվածները։ Վ.Սարգսյանը նաև շնորհակալություն հայտնեց այն սահմանապահներին, ովքեր այսօր հավատարմորեն ծառայում են իրենց պետությանը, ժողովրդին և հակազդում յուրաքանչյուր մարտահրավերի: Նշելով հայ ժողովրդի դերը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին, գնդապետ Վ. Սարգսյանն ասաց. «Չկա մի ընտանիք ողջ ԱՊՀ տարածքում, որին պատերազմը չի անդրադարձել: Ամբողջ Խորհրդային Միությունից մոտ 600 հազար հայ համալրել են Կարմիր բանակի շարքերը, ավելի քան 300 հազարը՝ զոհվել մարտադաշտերում: Հայ ժողովուրդը պատվով է կատարել իր պարտքը Հայրենիքի հանդեպ: Այս Հաղթանակը մեր ժողովուրդների ընդհանուր Հաղթանակն է, որը մենք երբեք չպետք է մոռանանք»:
Փոխանցումավազքը կանցնի ՀՀ ԱԱԾ ՍԶ սահմանային ստորաբաժանումներով, որից հետո ապրիլի 17-ին Գյումրիում կփոխանցվի ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության ներկայացուցիչներին։ Այն կշարունակի իր ճանապարհը` անցնելով ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության սահմանային ստորաբաժանումներով:
«Հաղթանակի Փոխանցումավազքի» անցկացումը նախատեսված է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ՝ Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի առաջարկով, որի նպատակն է հավերժացնել ԱՊՀ ժողովուրդների հերոսական սխրանքը և միասնությունը։
Փոխանցումավազքը փետրվարի 5-ին միաժամանակ մեկնարկել է Բրեստ և Մուրմանսկ քաղաքներից: Այն անցնում է ԱՊՀ 9 երկրների՝ ավելի քան 60.000 կմ ընդհանուր երկարությամբ սահմաններով։
Փակման հանդիսավոր արարողությունը նախատեսված է մայիսի 28-ին ՌԴ մայրաքաղաքում։