Համագործակցությունն ընդլայնվում է
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի (ՍԶ) և հանրապետության մանկական հաստատությունների միջև համագործակցության շրջանակներում օրերս «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ է այցելել ՍԶ բաժանմունքի պետը: Այցը ճանաչողական էր և դրա նպատակն էր նաև նախանշել հետագա աշխատանքները, անելիքներն ու փոխգործակցության ուղղությունները:
Մանկատան սաներին ներկայացվել են Հայաստանի սահմանների պաշտպանության և պահպանության համառոտ պատմությունը, ներկա իրավիճակը և պետական սահմանի պահպանության համար կիրառվող ժամանակակից միջոցները: Հաստատությանը տրամադրվել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի գործունեության և ՀՀ պետական սահմանի պահպանության վերաբերյալ գրականություն, ինչպես նաև՝ տեսաֆիլմ և տեսահոլովակներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պատանիների կողմից սահմանապահի մասնագիտության ընտրության հարցը, ներկայացվել են այդ ուղղությամբ հեռանկարներն ու հնարավորությունները: Մանկատան սաներից ոմանք ցանկություն են հայտնել 2020 թ. դիմելու ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ այս ոլորտում բարձրագույն մասնագիտական հաստատություններ ընդունվելու կապակցությամբ:
Այցելությունը ոգևորությամբ և երախտագիտությամբ է ընդունվել Գավառի մանկատան ղեկավարության, աշխատակիցների և սաների կողմից: