ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալն այցելել է Բելառուսի Հանրապետություն
Օրերս ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Ռաֆիկ Քիրաջյանը աշխատանքային այցով մեկնել է Բելառուսի Հանրապետության պետական սահմանապահ կոմիտե:
Այցի շրջանակներում Ռ. Քիրաջյանը հյուրընկալվել է սահմանապահ ծառայության ինստիտուտում և ծանոթացել է այն հիմնական ծրագրերին ու մեթոդներին, որոնցով կազմակերպվում է ուսուցումը:
Ռ. Քիրաջյանն այցելել է նաև օպտիկական-էլեկտրոնային և բժշկական սարքավորումներ արտադրող «БелОМО», ինչպես նաև կահույքի և ինժեներական գույքի, զինվորական համազգեստի արտադրությամբ զբաղվող «Группа МТО» ձեռնարկություններ:
Ռ․ Քիրաջյանը եղել է նաև Մինսկի ավտոմոբիլային գործարանում, որի արտադրանքը կիրառվում է նաև ԱՊՀ երկրների ուժային կառույցներում:
Բելառուսի Հանրապետության վերոնշյալ ձեռնարկությունների ղեկավարները հանդիպման ընթացքում առաջարկել են իրենց արտադրատեսակներն ու ծառայությունները կիրառել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում:
Բելառուս գործընկերների հետ հանդիպման ավարտին գնդապետ Ռ. Քիրաջյանը շնորհակալություն է հայտնել Պետական սահմանապահ կոմիտեի ղեկավարությանը՝ ջերմ ընդունելության համար և վստահություն հայտնել երկու պետությունների գերատեսչությունների միջև հետագա համագործակցության խորացման վերաբերյալ: