Միջազգային համագործակցություն
Միջազգային սահմանային համագործակցությունը` Հայաստանի Հանրապետության պետական սահմանային քաղաքականության իրականացման ուղղություններից մեկն է:
Ներկայումս Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի համար միջազգային համագործակցության դերն աճում է՝ կապված ժամանակակից սպառնալիքների և մարտահրավերների հետ: Սահմանապահ զորքերն անմիջականորեն առնչվում են օտարերկրյա պետությունների սահմանապահ և այլ գերատեսչությունների ու միջազգային կազմակերպությունների հետ (ՄԱԿ, ԱՊՀ, ԵՄ, ԵԱՀԿ, FRONTEX, ՄՄԿ և այլն), մասնակցում են միջազգային զարգացման ծրագրերին՝ ուղղված պետական սահմանի պահպանությանը, արդիականացմանը, ահաբեկչական և անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարի ուժեղացմանը: Ներգրավվածությունը միջազգային ծրագրերում նպաստում է սահմանապահ զորքերի կարողությունների զարգացմանը, տեխնիկական հագեցվածությանը, անձնակազմի փորձառության ավելացմանը, պետական սահմանի պահպանության հուսալիության բարձրացմանը:
Սահմանապահ զորքերի համագործակցությունն օտարերկրյա պետությունների սահմանապահ և այլ գերատեսչությունների ու միջազգային կազմակերպությունների հետ իրականացվում է սահմանապահ զորքերի՝ միջազգային համագործակցության համար պատասխանատու ստորաբաժանման միջոցով:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից միջազգային համագործակցությունն իրականացվում է ելնելով ՀՀ արտաքին քաղաքականության և տնտեսական նպատակահարմարությունից՝ ազգային օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին համապատասխան, սահմանային անվտանգության ապահովման խնդիրների հավասարակշռված լուծման նպատակով: