ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր

Պատմություն

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո առաջնային նշանակություն ստացավ նաև նորաստեղծ պետության սահմանների պահպանության հարցը:
Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թ. հունվարի 28-ի հրամանագրով հիմնվեց Պաշտպանության նախարարությունը, որի կազմում ստեղծվեց սահմանապահ զորքերի վարչություն և ՆԳ նախարարի տեղակալ, գնդապետ Գրիգոր Գարեգինի Գրիգորյանը նշանկվեց պաշտպանության նախարարի տեղակալ - սահմանապահ զորքերի վարչության պետ։
ՀՀ ՊՆ սահմանապահ զորքերի վարչության ստեղծումը պայմանավորված էր Թուրքիայի կողմից տնտեսական շրջափակման և Ադրբեջանի կողմից արտաքին սպառնալիքների պայմաններում Հայաստանի անկախության և տարածքային ամբողջականության զինված պաշտպանության, անդրսահմանային հանցավոր գործունեության կանխման, սահմանամերձ տարածքներում նյութական և այլ արժեքավոր իրերի հափշտակության կանխման, օրինական հիմունքներով պետական սահմանով մարդկանց, բեռների և տրանսպորտային միջոցների համակարգման և վերահսկողության անհրաժեշտությամբ:
ՀՀ սահմանապահ զորքերի ստեղծման գործում իրենց ներդրումն են ունեցել Ա. Ավագյանը, Վ. Աթալյանը, Վ․ Կարապետյանը, Վ. Ասատրյանը, Ա. Բաբայանը, Ա. Բաղդասարյանը, Գ. Բարսեղյանը, Յու. Վորոնովը, Ա. Կարապետյանը, Տ. Քեշիշյանը, Մ. Ներսեսյանը, Ս. Պողոսյանը, Ռ. Ստեփանյանը, Մ. Սուքիասյանը, Մ. Չամանյանը և այլ սահմանապահ սպաներ, ովքեր ղեկավարել են առաջին սահմանապահ ջոկատները, ծառայության ընթացքում դրսևորել իրենց հրամանատարական ունակություններն ու կարողությունները:
ՀՀ սահմանապահ զորքերի մարտածառայողական գործունեության կազմակերպման հիմք է հանդիսացել սահմանի պահպանության խորհրդային մոդելը:
1992թ. ՀՀ ՊՆ սահմանապահ զորքերի վարչության պետ (ՍՎՊ) – ՀՀ սահմանապահ զորքերի հրամանատար նշանակվեց գնդապետ Յուրի Գրիգորիի Խաչատուրովը:
1993թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ նախագահի հրամանագրով Ազգային անվտանգության պետական վարչության կազմում ստեղծվեց Պետական սահմանի պահպանության գլխավոր վարչությունը և սահմանապահ զորքերի հրամանատար նշանակվեց գնդապետ Լևոն Վլադիմիրի Ստեփանյանը:
1993թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետի հրամանով ստեղծվեց «Պուշկինո» առաջին սահմանապահ ջոկատը, որի կազմում ձևավորվեցին Նոյեմբերյանի, Տաշիրի և Աշոցքի ուղղություններով սահմանապահ պարետատներ:
1993թ. դեկտեմբերի 16-ին ԱԱՊՎ պետի հրամանով կազմավորվեց Հայաստանի սահմանապահ զորքերի սերժանտական կազմի դպրոցը, որտեղ պատրաստվում էին կրտսեր հրամանատարական և սահմանապահ ծառայության մասնագետներ (դպրոցի առաջին պետն եղել է փոխգնդապետ Մ. Չամանյանը): 1994թ. աշնանը սահմանային ստորաբաժանումների համալրման նպատակով Սահմանապահ զորքերն ընդունեցին կրտսեր սպաների պատրաստման արագացված դասընթացների առաջին շրջանավարտներին: Այդ շրջանավարտներից շատերը մինչ օրս ծառայում են սահմանապահ զորքերի ստորաբաժանումներում: 2001թ. փետրվարի 10-ին դպրոցը վերակազմավորվեց Ուսումնական կենտրոնի, որտեղ կրթություն է ստանում սահմանապահների համալրվող կազմը: Ուսումնական կենտրոնում որակավորման բարձրացման դասընթացներ են անցկացվում սպաների և ենթասպաների համար, ինչպես նաև վերապատրաստման դասընթացներ՝ կրտսեր սպայական կազմի, սերժանտների, ծառայողական շների հրահանգիչների, խոհարարների և վարորդների համար:
1994թ. ապրիլի 26-ին, ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն Խորհուրդը, ընդունեց «ՀՀ պետական սահմանի մասին» ՀՀ օրենքը, որը սահմանում էր պետական սահմանի կարգավիճակը և ռեժիմը, անվտանգության ապահովման սկզբունքները և կարգը, իրավասու մարմինների լիազորությունները: Հետագայում, 2001 թվականի նոյեմբերի 20-ին ընդունվեցին «Պետական սահմանի մասին» և «Սահմանապահ զորքերի մասին» ՀՀ օրենքները:
Հաշվի առնելով 1994թ. ընդունված օրենքների պատմական նշանակությունը` ՀՀ կառավարության 2006թ. որոշումով, ապրիլի 26-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է, որպես Սահմանապահի օր։ 2007 թվականից սկսած, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերն ապրիլի 26-ին նշում են իրենց մասնագիտական օրը, որի գլխավոր միջոցառումը՝ ՍԶ կառավարման մարմնում անցկացվող զորահանդեսն է:
2003թ. հունիսին ՀՀ նախագահի հրամանագրով սահմանապահ զորքերի հրամանատար նշանակվեց գնդապետ Վյաչեսլավ Ավետիսի Ոսկանյանը:
2005թ. ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար նշանակվեց գնդապետ Արմեն Անդրանիկի Աբրահամյանը:
2006թ. հունվարի 24-ին ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով ձևավորվեց ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի Սահմանային վերահսկողության սահմանապահ ջոկատը, որի կազմում ներառվում են 7 ստորաբաժանումներ՝ «Բագրատաշեն», «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժինները, «Գյումրի», «Բավրա», «Գոգավան» «Այրում» և «Էրեբունի» հսկիչ անցագրային կետերը: Վերակազմավորման արդյունքում «Գյումրի», «Բավրա», «Գոգավան» ՀԱԿ-երը ներկայումս գործում են որպես սահմանային վերահսկողության բաժիններ: 2011թ-ից հայ-վրացական սահմանում «Գոգավան» ՍՎԲ–ի ուժերով և միջոցներով գործում է «Պրիվոլնոյե» անցման կետը, իսկ 2018 թ-ից «Էրեբունի» հսկիչ անցագրային կետը վերակազմավորվեց անցման կետի և գործում է «Զվարթնոց» ՍՎԲ-ի ուժերով և միջոցներով:
ՀՀ ԱԱԾ ՍԶ «Զվարթնոց» ՍՎԲ-ի անձնակազմը ՀՀ–ում Ռուսաստանի ԴԱԾ Սահմանապահ վարչության «Արմենիա» առանձին հսկիչ անցագրային կետի անձնակազմի հետ համատեղ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իրականացնում է ՀՀ պետական սահմանի պահպանություն:
2013թ. հուլիսի 16-ին Երևանում ՀՀ սահմանների անվտանգության ապահովման և Սահմանների համալիր կառավարման ռազմավարությամբ նախատեսված ծրագրի իրականացման և մոնիթորինգի Միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ Եվրոմիության հետ համաձայնություն ձեռք բերվեց հայ-վրացական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցագրային կետերի վերակառուցման վերաբերյալ: Ամբողջովին նորակառույց և տեխնիկապես վերազինված «Բագրատաշեն» և «Գոգավան» անցագրային կետերը շահագործման հանձնվեցին 2016թ-ին, իսկ «Բավրա» անցագրային կետը 2017թ-ին: Դրա արդյունքում նշված անցագրային կետերում բարձրացավ անվտանգության մակարդակը, բարելավվեց տեղի բնակչության կյանքի մակարդակը, պարզեցվեց մարդկանց և տրանսպորտային միջոցների անցումը սահմանով:
2015-2016թթ. բարելավվել են «Այրում» երկաթուղային հսկիչ անցագրային կետի զինծառայողների բնակության և ծառայության պայմանները:
2011թ. ապրիլին ավարտվեց սահմանապահ զորքերի կառավարման մարմնի շինարարությունը, որտեղ տեղակայվեցին ՍԶ վարչակազմը, ուսումնական կենտրոնը, սահմանային վերահսկողության սահմանապահ ջոկատը և նորաստեղծ կինոլոգիական կենտրոնը: Սպաների պատրաստությունն իրականացվում է ՀՀ ԱԱԾ ՍԶ ուսումնական կենտրոնում, ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնում և Ռուսաստանի ԴԱԾ բարձրագույն զինվորական կրթական հաստատություններում: 
ՀՀ նախագահի 2018թ․ հունիսի 11-ի հրամանագրով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար նշանակվեց գնդապետ Վաղինակ Ռուբենի Սարգսյանը: